Հենրի Ֆորդ. «Իմ կյանքը, իմ նվաճումները»
ԱՄՆ ամենահայտնի կապիտալիստներից մեկը`Հենրի Ֆորդը, ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին` Իռլանդիայից գաղթած էմիգրանտի ընտանիքում: Երբ լրացավ 16 տարին, նա մեկնեց Դետրոիտ` աշխատելու: 1888-1899 թթ. աշխատել է «Edison Illuminating Company» ընկերությունում, որպես ինժեներ-մեխանիկ: Դա այն ժամանակներն էին, երբ ԱՄՆ-ում արտադրվում էին միայն չափերով մեծ ավտոմեքենաներ, որոնց արժեքը կազմում էր մոտ 2 հազար դոլար, և, իհարկե, մատչելի էր միայն եզակի մարդկանց։
Հենրին միշտ իր ազատ ժամանակը տրամադրում էր ավտոմեքենայի կոնստրուկցիաներ պատրաստելուն: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի մի մեքենա, որ կլիներ չափերով համեմատաբար փոքր, համեմատաբար էժան ու հանրամատչելի: Նա առաջիններից էր, որ հասկացավ, որ գերշահույթ կարելի է ստանալ, երբ արտադրված ապրանքը հասանելի կլինի ոչ թե մի քանի հարյուր, այլ հարյուր հազարավոր մարդկանց: Եվ վերջապես 1893 թվականին նրան հաջողվեց ավարտին հասցնել իր առաջին ավտոմեքենան:
Հենրի Ֆորդը կարողացավ հեղափոխություն մտցնել արտադրության կազմակերպման մեջ: Նա ուներ ձեռնարկության ղեկավարման իր մեթոդները.
1. Աշխատել ոչ թե լոկ շահույթի համար, այլ արտադրությունը զարգացնելու համար:
2. Արտադրության կազմակերպել հիմքում դնելով աշխատանքի բաժանման և հոսքային արտադրության կազմակերպումը: Այս մեթոդն ունի իր պատմությունը: Մի անգամ Հենրին, մտնելով սպանդանոց, տեսնում է իրար կողքի կախված մսակտորներ: Մի ուրիշ բանվոր, ձգելով երկրորդ պարանը, դրանք տեղափոխում էր չորանոց: Տեսնելով դա` նրա մոտ միտք հղացավ մարդու կատարած բազմաբնույթ աշխատանքը բաժանել պարզագույն գործողությունների: Ինչպես գիտենք հոսքային այս մեթոդը, որն ապահովում է արտադրության մաքսիմալ արագություն, հաջողությամբ կիրառվում է մինչ այժմ:
3. Աշխատակիցների վերապատրաստումը և խրախուսական համակարգի ներդրումը: Նրա աշխատողների աշխատավարձերը բարձրանում էին ամուսնանալուց, երեխայի ծնվելուց և այլն:
Ահա այս երեք սկզբունք-բանաձևերի հիման վրա նա կառուցեց մի կայսրություն, որը հզորագույններից էր հզորագույնների մեջ:
Շատերը Հենրի Ֆորդին համարում էին շահագործող բիզնեսմեն: Սակայն նրա այս համակարգը ապացուցում է հակառակը:
Ասում են` նրա գործարանի մոտ մշտապես հավաքվում էին աշխատանք փնտրող մարդկանց հոծ բազմություն:
Ավա~ղ, նրա հետնորդները, չդիմանալով նոր եկող մագնատների մրցակցությանը չկարողացան պահպանել հզորագույնի կոչումը, սակայն Հենրի Ֆորդը համաշխարհային տնտեսության մեջ թողեց ուրույն ձեռագիր, որը ժամանակի ընթացքում հարստացրեց միլիարդավոր մարդկանց:

Реклама