Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։
Երկարատև ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալին։
Թե ինչպես և ինչ ես մեծարում՝ դրանով շուրջդ միշտ դիստանցիա ես քաշում։
Ես կարող էի կործանվել յուրաքանչյուր առանձին գրգիռից, որը հատուկ է ինձ։ Ես դրանք միշտ բախման եմ տարել իրար հետ։ Իմ ամենաուժեղ հատկությունը՝ ինքնահաղթահարումն է։ Բայց դա էլ մեծավ մասամբ նաև իմ պահանջն է — ես միշտ կանգնած եմ անդունդի եզրին։
Ես պետք է հրեշտակ լինեմ, եթե միայն ուզում եմ ապրել, իսկ դուք ապրում եք ուրիշ պայմաններում։
Ի՞նչն է ինձ պահել։ Միշտ միայն հղիությունը։ Եվ ամեն անգամ ստեղծագործության ծնվելով իմ կյանքը մազից է կախված եղել։
Ես ինձ թալանել կողոպտել թույլ տալու հակում ունեմ։ Բայց հենց որ նկատել եմ, որ ամեն ինչ գնացել է ինձ խաբելուն, ես իսկույն ընկել եմ եսասիրության մեջ։
Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։
Ես մարդկանց հետ երբեք ինձ կատարելապես լավ չեմ զգում։ Ես իմ թշնամու վրա ամեն անգամ ավելի շուտ եմ ծիծաղում, քան նա ստիպված է լինում քավել իմ հանդեպ իր մեղքը։ Բայց ես հեշտությամբ կարող եմ մարդասպանություն գործել գրգռվածության վիճակում։
Ես երբևիցե խղճի խայթ զգացե՞լ եմ. իմ հիշողությունը այդ հարցադրումը լռության է մատնում։
Ես քաղքենիությունը շատ ավելի եմ ատում, քան մեղքը։
Ինձ համար չպետք է լինի այնպիսի մի մարդ, ում հանդեպ ես նողկանք կամ զզվանք զգամ։
Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր ներել չգիտեն։
Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց։
Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է` որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
Այդ ազնիվ բան է՝ ամաչել քո մեջ եղած լավագույնի համար, քանի որ միայն ինքդ ես դրան տիրում։
Տարօրինա՛կ է։ Հենց որ ես ինչ-որ միտք ուզում եմ լռության տալ և ինձնից հեռու պահել՝ նույն այդ միտքը ինձ ընդառաջ է գալիս մարմնավորված կերպարանքով, իբրև մարդ, և ես այժմ ստիպված եմ սիրալիրություններ անել այդ «Աստծո հրեշտակի» հետ։
Ինչ ես տեսել եմ փոթորկալից ծովը և մաքուր լուսավոր երկինքը նրա վրա՝ այլևս չեմ հանդուրժում բոլոր անարև, ամպամած կրքերը, որոնք այլ լույս չգիտեն, քան կայծակը։
Իմ աչքը տեսնում է ուրիշ մարդկանց իդեալները, և այդ տեսարանը ինձ հաճախ հիացմունք է պատճառում, իսկ դուք, կարճատեսներ, մտածում եք, թե այդ — իմ իդեալներն են։
«Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
Իմաստունի վտանգն այն է, որ նա բոլորից շատ է ենթակա անհեթեթին սիրահարվելու գայթակղությանը։
Իմ զգացմունքների սանդուղքը բարձր է, և ես ամենևին էլ առանց հաճույքի չեմ նստում նրա ամենացածր աստիճաններին, հենց որովհետև ես հաճախ չափազանց երկար ստիպված եմ լինում նստել ամենաբարձրներին, իսկ այնտեղ քամին փչում է կտրուկ, և լույսը հաճախ չափազանց պայծառ է լինում։
«Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենություն է քշում»։
Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց — ես միշտ միայն ինքս ինձ գտա — և այլևս չե՜մ տենչում ինձ։
Ճգնակեցության Նպատակը։- Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։
Ես ուզում էի լինել տհաճ ճշմարտությունների փիլիսոփան,- վեց տարի շարունակ։
Որևէ մեկը իր ճանապարհին երբևէ արդեն որոնե՞լ է ճշմարտությունը, ինչպես այդ մինչ օրս ես եմ արել,- հակադրվելով և հակառակվելով այն ամենին, ինչը նպաստում էր իմ անմիջական զգացմունքին։
Կար ժամանակ, երբ ես համակված էի ինքս իմ հանդեպ նողկանքով. 1876 թ.-ի ամռանը։ Մոլորության վտանգ, անմաքուր գիտական խիղճ մետաֆիզիկայի խառնուրդի կապակցությամբ, ինչ-որ ուռճացրած բանի զգացում, «դատավորության» ծիծաղաշարժ հավակնության։- Եվ այսպես, խելք հավաքել ու փորձել ապրել մեծագույն սթափությամբ, առանց մետաֆիզիկական նախադրյալների։ Ինձ օգնության հասավ «ազատ մի՜տքը» — սառույցով թրջոցներ։

Реклама