IT ոլորտն անընդմեջ ուշադրության կենտրոնում է: Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում և քննարկում է, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր արտադրանքով կամ ինչ նոր ծառայությամբ են հանդես գալիս, ինչ նոր փոփոխություններ և զարգացումներ են սպասվում ոլորտում: IT ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններն, այս առումով, մեծ պատասխանատվության են մոտենում հասարակությանն առավել մոտ լինելու հանգամանքին և փորձում իրենց գործունեությունը լուսաբանող ցանկացած տեղեկատվություն հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին: Այս համատեսքստում կարևորվում է նաև IT ընկերությունների գործունեության ֆինանսական հաշվետվությունները` վաճառքի ծավալների, շահույթի մասին: Եվ այսպես, ամփոփ ներկայացնենք IT ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնք զգալի չափով պարզաբանում են ընկերությունների գործունեության արդյունավետությունը և նորարար գաղափարներով ներկայանալու պատրաստվածությունը:

Ամերիկյան ինտերնետային հսկան` Google Inc. ընկերությունը, 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի 17.3% աճ: Ընկերության եռամսյակային շահույթը կազմել է 2.3 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Google-ի հասույթն աճել է 29%-ով և կազմել 6.54 մլրդ դոլար: Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները` հաշվետու ամիսներին ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է եղել ընկերության հիմնական բիզնեսի ոլորտում գրանցված դրական միտումներով, ինչպես նաև բջջային տեխնոլոգիաների ոլորտում գործող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքով: Նշենք, որ աշխարհի խոշորագույն որոնման համակարգը ներկայացնող այս ընկերության մասնաբաժինը որոնման համակարգերի համաշխարհային շուկայում գերազանցում է արդեն 70%-ը: Հարկ է նշել, որ Google-ի շարունակական ֆինանսական հաջողությունների ֆոնի վրա որոնման համակարգերի շուկայում իր հաստատուն` երկրորդ տեղն ապահովող Yahoo! ընկերության ֆինանսական ցուցանիշները փոքր-ինչ «անհուսադրող են»: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 28%-ով և կազմել 223 մլն դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 214 մլն դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված 1 մլրդ 597 մլն դոլարի դիմաց: Yahoo!-ի ներկայացուցիչները, պարզաբանելով ընկերության գրանցած եռամսյակային ֆինանսական ցուցանիշները, նշել են, որ ընկերությանը հաջողվել է հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշները սահմանել կանխատեսվող կայուն մակարդակում` շնորհիվ ոլորտի այլ ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման: Նշենք նաև, որ ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft Corp. ընկերությունը, որը նույնպես ներկայացված է որոնման համակարգերի շուկայում` իր Bing համակարգով, ապահովել է եռամսյակային զուտ շահույթ` 6 մլրդ 634 մլն դոլար մակարդակում: Հաշվետու ամիսների արդյունքներով ընկերության հասույթը կազմել է շուրջ 20 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Bing որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում այսօր արդեն զգալի նվազել է և չի գերազանցում 7%-ը:

Ֆինանսական հաջողությունների առումով հետաքրքիր ու գրավիչ է նաև Apple ընկերությունը: Համակարգչային այս «հսկա»-ն, ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում գերակատարել է բոլոր «համեստ» կանխատեսումներն ու սպասումները: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում iPhone սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով: Այսպես, 2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Apple ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 95%-ով և կազմել 5.99 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում աճել է 83%-ով և կազմել 24.67 մլրդ դոլար: Նշենք նաև, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին ամբողջ աշխարհում վաճառվել է 18.5 մլն iPhone սմարթֆոն: Ինչ վերաբերում է iPad պլանշետ-համակարգիչներին, ապա վերջիններիս նույնպես վայելում են մեծ պահանջարկ: Հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 4.7 մլն iPad:

Ինչ վերաբերում է համակարգիչներ արտադրող առաջատար ընկերություններին, ապա ֆինանսական տեսանկյունից վերջիններս նույնպես կայուն են: Այսպես, համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան International Business Machines-ն (IBM) 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի աճ` 10.1%-ով (ցուցանիշը կազմել է 2.86 մլրդ դոլար): Այս նույն ժամանակահատվածում կիսահաղորդիչների արտադրությամբ առաջատար Intel Corp. ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 29%-ով և կազմել 3.2 միլիարդ դոլար: Նշենք նաև, որ այս ոլորտի ևս մեկ առաջատար` Advanced Micro Devices (AMD)-ն 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի աճ` շուրջ 2 անգամ (510 մլն դոլար):

Реклама