Նապոլեոն Հիլլը ամերիկացի հոգեբան, փիլիսոփա է և լրագրող, որն առաջիններից մեկն էր, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Իր ուսումնասիրությունների 20 տարիների ընթացքում, նա կարողացել է ուսումնասիրել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները նա ներկայացրել է հասարակությանը իր «Մտածիր և հարստացիր» գրքի միջոցով, որն անմիջապես դարձավ թեմայում լավագույն գրքերից մեկը ողջ աշխարհում:
Գրքում նա ներկայացրել է 13 հստակ քայլեր, որոնց միջոցով ցանկացած մարդ կարող է հասնել հաջողության և հարստության: Այս գիրքը ցնցում է յուրաքանչյուրին իր կենսական էներգիայով, սովորեցնում է գործել, շարժվել առաջ, լինել երջանիկ և հասնել նպատակներին:
Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, այրիչ ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ, նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար: Եվ չպետք է լինի նահանջի ճանապարհ: Խնդրեք կյանքից շատ բան և կյանքը դա ձեզ կտա:
Շատ տարիներ առաջ մեծ զորավարներից մեկը կանգնած էր ընտրության առջև` նա պետք է որոշում ընդուներ, որից կախված էր նրա հաղթանակը: Իսկ դիմակայում էր զորավարին թշնամի, որի բանակը շատ անգամ գերազանցում էր իր սեփականը: Եվ հրամայեց նա իր զինվորներին բարձրանալ նավերը և ուղարկեց նրանց դեպի թշնամու ափերը: Իսկ այնտեղ հասնելուն պես հրամայեց այրել նավերը: Կռվից առաջ զորավարը դիմեց իր զինվորներին. «Տեսնու՞մ եք դուք մեր նավերից բարձրացող ծուխը: Դա նշանակում է, որ կամ մենք կհաղթենք կամ չենք կարող լքել այս ափերը: Ընտրությունը միակն է` հաղթել կամ զոհվել»:
Եվ նրանք հաղթեցին:
Հաղթել ցանկացողը պետք է այրի բոլոր կամուրջներն իր ետևում, պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակին հասնելու այրիչ ցանկությունը, որն այդքան կարևոր է հաջողության համար:Փորձեք դառնալ այն զորավարներից,ովքեր իրենց հետևից այրում են բոլոր կամուրջները,և իրենց կյանքի առջև դնում են կամ հաղթել կամ զոհվել: